Երևի շուրջ քսան տարի առաջ էր: Ազնավուրը անընդմեջ համերգներ էր տալիս Փարիզի «Կոնգրեսների պալատում»: Փարիզում ամեն տեղ խոսում էին Ազնավուրից, ամեն տեղ Ազնավուրի լուսանկարներն էին: Օրեր շարունակ ավելի քան հինգ հազար տեղանոց դահլիճը լեփ-լեցուն էր: Օրեր շարունակ Փարիզը լսում էր Ազնավուրին, Փարիզն Ազնավուրով էր ապրում, Փարիզն Ազնավուր էր երգում:
Բացվում է շքեղ պալատի կարմիր վարագույրը, ամբողջովին կարմիր բեմում հայտնվում է սև ֆրակով կախարդը ու կրքոտ, կրակոտ, մինչև վերջին նյարդով երգում է Բոհեմի, Իզաբելի, նվիրվածության, դավաճանության, խարդավանքի, կյանքի, սիրո, մեծ սիրո մասին:
Ես, որ բախտ ունեի դահլիճում լինել ու լսել մեծ շանսոնիեին, ուզում էի հասկանալ, ըմբռնել Ազնավուրին, ով, իմ կարծիքով, իմն էր, մերն էր, հայինն էր, Հայաստանինն էր: Ես անգիր գիտեի Ազնավուրին, տող առ տող գիտեի, բոլոր ռիթմերը գիտեի, զգացողությունները գիտեի, որովհետև դրանցով ապրել էի, բայց մի պահ սթափվեցի ու զգացի, որ դահլիճը երգում է: Հինգ հազար ֆրանսիացիներ երգում էին Ազնավուրի հետ: Երգում էին տող առ տող, երգում էին բոլոր երգերն անխտիր ու այդպես երգեցին ավելի քան երկու ժամ:
Համերգի ավարտին պիտի լինեի հետնաբեմում, նախապես պայմանավորվել էինք, բայց չհամարձակվեցի: Ազնավուրն այդ պահին Ֆրանսիայինն էր, Փարիզինն էր, ֆրանսիացունն էր, ու ինձ թվաց, որ Ազնավուրը միշտ նրանցն է եղել: Ես չհասկացա` ինձանի՞ց նեղացա, Ազնավուրի՞ց, հայի՞ց, Հայաստանի՞ց, թե՞ Ֆրանսիայից, Փարիզից, ֆրանսիացուց, բայց Ազնավուրն իրենցն էր, նրանց հոգու մեջ էր, նրանց ապրածի մեջ էր: Ազնավուրին նրանք էին զգում:
Ինչո՞ւ Ազնավուրն այդպես էլ Հայաստանում չերգեց: Կարմիր բեմում, կարմիր շլացուցիչ լույսերի տակ սև ֆրակով, կրքոտ, կրակոտ, մինչև վերջին նյարդով երկու ժամ չերգեց… Շատ առիթներ եմ ունեցել մեծ շանսոնիեի հետ հանդիպելու, շատ բաների շուրջ ենք խոսել, բայց չեմ համարձակվել այս հարցի պատասխանը փնտրել: Իսկ գուցե գիտե՞մ… Փարիզն, ամեն դեպքում, երբեք չեմ մոռանա: